Հայաստանի գազալցակայաններում ու բենզակայաններում սկսվելու են անսպասելի ստուգումներ։ Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արաժանացավ «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը:
Այս շրջանակներում կիրականացվեն ոչ թե ֆինանսական, այլ չափաբանական ստուգումներ՝ պարզելու համար, թե արդյոք լցակայաններում հաշվիչները առաջ են տալիս թե ոչ:
Նման ստուգումների իրականացման մասին, սովորաբար, անհրաժեշտ է տեղեկացնել 3 օր առաջ, սակայն, ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի, այդ օրերի ընթացքում հնարավոր կլինի «հետքերը թաքցնել», իսկ ստուգումից հետո՝ կրկին հաշվիչները հետ տալ:
Հենց այդ պատճառով էլ ստուգումները նախատեսվում է իրականացնել առանց նախազգուշացման՝ անսպասելի, օրվա տարբեր ժամերին և Հայաստանի տարբեր կետերում միաժամանակ:
Ի դեպ հիշեցնենք, որ այսօր Հայաստանի մեքենաների 90%-ում տեղադրված է գազաբալոնային համակարգ, իսկ սեղմված գազը վաճառվում է կիլոգրամներով, որպեսզի հնարավոր չլինի ծավալի մեծացման նպատակով տաքացնել գազը:









