Հայաստանում գազալցակայանների սեփականատերերը հերթական անգամ հայտնվել են անհարմար դրության մեջ: Այս անգամ պատճառը հասարակական զուգարաններն են. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գազալցակայանների սեփականատերերին պարտադրում է կառուցել հասարակական զուգարաններ կամ նորոգել եղածները: Ինչպես գիտենք, Հայաստանի հիմնական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան, իսկ եղածներն էլ գտնվում են խիստ անմխիթար և հակահիգիենիկ վիճակում, որոնցից օգտվելն ուղղակի անհնար է: Ու քանի որ ՀՀ պետական բյուջեում նոր զուգարանների կառուցման համար նախատեսված գումար չկա, հետևաբար այս խնդիրը դրվում է գազալցակայանների սեփականատերերի վրա: Նշենք, որ ՀՀ ճանապարհներին կա ավելի քան 200 գազալցակայան:
Այժմ դրանք պետք է ունենան բոլոր անհրաժեշտ հարմարությունները, այդ թվում նաև հասարակական զուգարան՝որոշակի չափանիշներին համապատասխան: Այս խնդիրը անհանգստություն է առաջացրել սեփականատերերի մոտ, քանի որ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, այդ պատճառով էլ մարզային մի շարք ԱԳԼՃԿ-ներ այս պահին ուղղակի փակվել են կամ հանվել վաճառքի:
Ի դեպ, այժմ գազալցակայան կառուցելու դեպքում լիցենզիա կտրվի նրանց, ովքեր այդ տարածքում կկառուցեն նաև զուգարան։









