Պետական եկամուտների կոմիտեն, հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով, Հայաստանի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացրել է ստուգման աշխատանքներ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այդ ընթացքում ամեն օր գազալցակայաններում ֆիքսվել են իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, իրականացվել են համապատասխան համեմատական վերլուծություններ:
Նկատված շեղումների վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և տրամադրվել հետաքննչական մարմիններին:
Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները:
Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:









