Գազը, որպես ավտովառելիք, զարգացման մեծ հեռանկարներ ունի աշխարհում, ինչն առաջին հերթին բացատրվում է նրա մատչելիությամբ, պահանջվող փոքր ներդրումներով և վտանգավոր արտանետումների ցածր մակարդակով։ Այս մասին վերջերս տված հարցազրույցում հաստատել է ավտոգազի արտադրության եվրոպական առաջատար ընկերության՝ Westport Fuel Systems-ի տնօրեն Բարտ վան Իռլին։ Ըստ նրա ներկայացրած տվյալների, բենզինի համեմատ, գազի դեպքում արտանետումներն ավելի քիչ են (մինչև 21% CO2 գազի և մինչև 98%՝ այլ նյութերի դեպքում): Դիզելի համեմատ էլ NOx արտանետումներն են ավելի քիչ՝ մոտ 74%-ով։ Այսինքն, գազը էկոլոգիական տեսանկյունից նույնպես բացարձակ առավելություն ունի բենզինի և այլ ավտովառելիքների նկատմամբ։
Հոլանդական ընկերության տնօրենը ընդգծել է, որ գազի շուկան կարող է արագորեն աճել, եթե կառավարությունն ունենա ճիշտ զարգացման տեսլական՝ բերելով Իտալիայի, Լեհաստանի և Թուրքիայի օրինակը։ Նա հույս է հայտնել, որ սպառողներն աստիճանաբար կգիտակցեն գազով աշխատող մեքենաների առավելությունը էլեկտրամոբիլների նկատմամբ՝ մատչելիության և էկոլոգիապես մաքուր լինելու տեսանկյունից։ Մասնավորապես, բերելով Նիդեռլանդների օրինակը, Իռլին նշել է, որ այդ երկիրը հսկայական ջանքեր և միջոցներ է ներդրել էլեկտրամոբիլների զարգացումը խթանելու համար, և միայն այժմ է գերակշռող դառնում այն գիտակցումը, որ էլեկտրամոբիլները չափազանց ծախսատար են։
Վան Իռլին, մեկ անգամ ևս ընդգծել է, որ այսօր աշխարհում ավտոգազը շարունակում է մնալ ամենատարածված այլընտրանքային վառելիքը։ Սեղմված բնական գազով (ՍԲԳ) աշխատող մեքենաների թիվը աշխարհում հասնում է 27 մլն-ի։








