Ավտոմեքենայի վրա գազաբալոնային համակարգ տեղադրելուց առաջ ավտոսեփականատերերին առավել հուզող հարցերից է այն, թե ինչպես կարող է ազդել գազի բալոնի տեղադրումը մեքենայի շարժիչի վրա:
Հենց սկզբում պետք է նշել, որ գազը որպես վառելիք չի վատացնում շարժիչի աշխատանքը և դրա վրա գրեթե չի ազդում: Նախևառաջ, շարժիչի նորմալ աշխատանքի համար թե՛ գազով և թե՛ բենզինով վարելու դեպքում գազի բալոնը պետք է ճիշտ տեղադրված լինի՝ համապատասխան մասնագիտացված կետերում: Այս կանոնի անտեսումը հանգեցերել է այն տարածված կարծիքի առաջացմանը, ըստ որի գազը խոչընդոտում է շարժիչի նորմալ աշխատանքին: Որպես հիմնական փաստարկ նշվում է այն հանգամանքը, որ գազի օկտանային թիվն ավելի մեծ է, քան բենզինինը (92-98 բենզինի դեպքում, իսկ գազի դեպքում՝ շուրջ 110 և ավել): Մի շարք վարորդներ նշում են, որ ավելի մեծ օկտանային թիվը բերում է նրան, որ շարժիչն աշխատում է ոչ սովորական պայմաններում, գազը չորացնում է շարժիչը, տեղի է ունենում փականների այրում և այլն:
Իրականում այս տարբերությունը կա, բայց գազի բալոնի գրագետ տեղադրման և կարգավորման դեպքում այն նշանակալի ազդեցություն չի կարող ունենալ մեքենայի փականների և այլ մասերի վրա:
Բացի այդ, պետք է նշել նաև, որ մասնագետները բենզինից գազ անցնելուց հետո խորհուրդ են տալիս լրացուցիչ ընտրել հատուկ շարժիչի յուղ՝ նախատեսված գազային վառելիքով մեքենաների համար:
Այսպիսով, շարժիչի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում, անկախ վառելիքի տեսակից, պահանջվում է համալիր մոտեցում դրանց լուծմանը:









