Արդեն կես դարից ավելի է, ինչ ավտոգազը ամբողջ աշխարհում համարվում է արդյունավետ այլընտրանք նավթային վառելիքին, մասնավորապես բենզինին: Երկիր մոլորակի բոլոր տրանսպորտային միջոցների ավելի քան 11%-ը երթևեկում են գազով: Այս թիվն օրեցօր աճում է:
Գազաբալոնային համակարգերի տեղադրումը ոչ միան ձեռնտու է վարորդների համար, քանի որ այն ավելի մատչելի է, քան բենզինը և դիզելը, այն նաև ավելի էկոլոգիական է: Այդ իսկ պատճառով աշխարհի մի շարք երկրներում գազով երթևեկող ավտոմեքենաների վարորդներին տրվում են արտոնություններ: Նշենք դրանցից մի քանիսը:
ԱՄՆ-ում գազով երթևեկող մեքենաները կազմում են ամբողջի մոտ 44%: Այստեղ հատուկ բյուջետային հատկացումներ են նախատեսվում գազաբալոնային մեքենաների շարժակազմի թարմացման համար, ինչպես նաև՝ տրվում են արտոնություններ հարկային դաշտում:
Աշխարհում գազաբալոնաին համակարգերի շուկայի 35%-ը տեղաբաշխված է Արգենտինայում: Գազով երթևեկող տրանսպորտային միջոցների գլխավոր սպառողներն այստեղ բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերություններն են:
Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Մալազիայում և Ճապոնիայում կան սահմանված հատուկ դրամաշնորհներ՝ գազով աշխատող մեքենաների գնման համար:
Իտալիայում, Չիլիում, Չինաստանում գազով աշխատող տրանսպորտային միջոցները կարող են մուտք գործել բնապահպանական վայրեր:
Ֆրանսիայում, Իտալիայում և Իրանում գազով աշխատող մեքենաներ շահագործողները ունեն առավելություններ քաղաքային պատվերների համար, իսկ Չեխիայում գազով աշխատող մեքենաների շահագործողները հարկեր չեն վճարում:
Հայաստանը նույնպես բարձր հորիզոնականներում է գազով երթևեկող մեքենաների ցանկում, սակայն այստեղ վարորդներին առավելություններ չեն տրվում:









