Hyundai մարդատար մեքենաների վարորդները շուտով կարող են իրենց հետ չվերցնել մեքենայի բանալին, քանի որ դուռը բացել/փակել և շարժիչը միացնել կկարողանան կատարել մատնահետքով, իսկ դրանում նրանց կօգնի բիոմետրիկ նույնականացման տեխնոլոգիան:
Հարավկորեական Hyundai ավտոարտադրող ընկերությունը հայտարարել է, որ մշակել է մատնահետքի ճանաչման համակարգ, որը թույլ կտա վարորդներին ոչ միայն բացել ու փակել դուռը, այլ նաև միացնել շարժիչը: Համակարգը համեմատում և ստուգում է մատնահետքը նախապես գրանցված կենսաչափական տվյալների հետ, երբ մարդը հպում է ձեռքը մեքենայի դռան վրա գտնվող սենսորին: Մատնահետքի ճանաչման բլոկը ներառում է նաև շարժիչի գործարկման կոճակ, ինչը կարող են անել միայն լիազորված վարորդները:
Ընկերությունը հայտարարում է, որ այս համակարգը առաջինն է աշխարհում: Նախկինում ստեղծվել են համակարգեր մեքենայի շարժիչի միացման համար, բայց այս տեխնոլոգիայի կիրառումը դռները բացման համար դեռևս խնդիր էր: Համակարգը մշակվել է այնպես, որ կարողանա դիմակայել բարդ եղանակային պայմաններին և ցանկացած ժամանակ աշխատի անթերի:
Կենսաչափական տվյալների օգնությամբ հնարավոր կլինի նաև կարգավորել նստատեղերը և կողային հայելիները այն դիրքով, որոնք նախկինում ծրագրավորել են լիազորված վարորդները:
Վերջնական մշակված համակարգը տեղ կգտնի Hyundai Santa Fe ամենագնացի նոր տարբերակում, որը կթողարկվի Չինաստանում գալիք տարվա սկզբում: Այդպիսով ընկերությունը կուսումնասիրի գնորդների կարծիքները տեղական շուկայում՝ մինչ բոլոր մեքենաներն այդ համակարգով հարստացնելը:









