Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռնարկել է ԱԳԼՃԿ-ների գործունեության նկատմամբ անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված գործողության ծրագիր, ըստ որի լցակայաններում բնական գազի ճնշումը չպետք է գերազանցի 19,6 ՄՊա-ն (200 մթնոլորտային ճնշումը)։ Նախատեսվում է ԱԳԼՃԿ-ների բաշխիչ աշտարակները կահավորել «911» ծառայության հետ ուղիղ կապի սարքերով,
որոնց օգնությամբ կֆիքսվեն գազի ճնշման սահմանված չափերի գերազանցումները և հնարավոր կլինի նվազագույն ծախսերով սահմանել հեռակա հսկողություն գազալցակայանների նկատմամբ: Ընդ որում, հսկողությունը կիրականացվի շուրջօրյա։ Ճնշման սահմանաչափի խախտման դեպքում տեղեկատվությունն առցանց կուղարկվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն։ Ճնշման կարգավորիչի խափանման կամ ճնշման գերազանցման դեպքում համապատասխան ազդանշան կստացվի ԱԻՆ ՃԿ, կարձանագրվի խախտումը, ահազանգը կփոխանցվի տեսչությանը և կձեռնարկվեն համապատասխան գործողություններ։ Կանոնների խստացման այս նոր կարգի նպատակը մահացու ելքով դժբախտ պատահարների նվազեցումն ու վերացումն է։ԱԻՆ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Ա. Հայրապետյանը նշեց, որ ճնշման կարգավորիչները տեղադրելուց հետո կընտրվի վերահսկող մարմին, որը հավանաբար կլինի Էկոնոմիկայի նախարարության Շուկայի հսկողության տեսչությունը: Նա նաև ընդգծեց, որ ԱԳԼՃԿ-ներում գազաբալոնների պայթյունների պատճառը հիմնականում ճնշման թույլատրելի չափի գերազանցումն է։ Մեծամասամբ պայթում են հին ավտոմեքենաների վրա տեղադրված, կասկածելի անվտանգության աստիճաններ ունեցող բալոններ, որոնք հաճախ նախատեսված չեն տվյալ գազի համար՝ թթվածնի կամ ամոնիակի:
Փոփոխությունների նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հանրային քննարկման մի փուլն ավարտվել է, նախագիծը շարունակվում է քննարկվել պետական կաբինետներում։









