Ավտոշուկան լրջորեն տուժել է կորոնավիրուսի
տարածումից: Եթե Չինաստանում
աստիճանաբար հաղթահարում են անկումը, ապա եվրոպական շատ երկրներում վաճառքը
բառացիորեն դադարել է: Մասնավորապես, Իտալիայում ապրիլի առաջին 3 շաբաթների ընթացքում
պահանջարկը նվազել է 98%-ով, ինչը
համաշխարհային հակառեկորդ
է:
Իտալացիները գնել են ընդամենը 2182 մեքենա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 107 930: Այսպիսով, վաճառքը նվազել է մոտ 50 անգամ:
Իտալիան արդեն իսկ ռեկորդակիր էր՝ անկման ցուցանիշով․ մարտին պահանջարկն այստեղ նվազել էր մինչև 85%-ով: Ինչպես փաստում են մասնագետները, դիլերային կենտրոններն այս երկրում փակվել էին դեռևս մարտի սկզբին, հետևաբար, նույնիսկ այն հաճախորդները, ովքեր նախօրոք պատվիրել էին մեքենաներ, ուղղակի չեն կարողացել ստանալ դրանք:
Սակայն ավտոմոբիլային ընկերությունները լավատեսորեն են տրամադրված մայիս ամսվա առումով: Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից թույլատրել է ավտոսերվիսներին բացվել: Գերմանիայում արդեն կարելի է բացահայտ իրականացնել ավտովաճառք: Այնուամենայնիվ, արգելքը դեռ գործում է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ խոշոր երկրներում:








