Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի շարք վարորդների նախաձեռնությամբ ստեղծվել է ՀՀ Գազալցակայաններ բաց խումբ (https://www.facebook.com/groups/agljk/), որի նպատակը վարորդների միջոցով ԱԳԼՃԿ-ներում գազի սակագնի, լիցքավորման և սպասարկման որակի ու բազմաթիվ այլ խնդիրների հետ կապված տվյալների հավաքագրումն ու համեմատումն է։
Խմբի ստեղծման պատճառը հունվար ամսին տեղի ունեցած գազի սակագնի թանկացումներն էին, որի արդյունքում գազալցակայանները սկսել էին դիմել մեքենայությունների, ինչն էլ առաջացրել էր դժգոհությունների մեծ ալիք վարորդների մոտ։
Այս խմբում վարորդները պարբերաբար ներկայացնում են տվյալներ, թե նույն գազաբալոնը տարբեր լցակայաններում նույն ճնշման և ջերմաստիճանի պայմաններում քանի խորանարդով, ինչ ճնշմամբ է լիցքավորում և որքան է կազմում վճարը։
Այստեղ վարորդները տեղադրում են ցուցանիշներ տարբեր ԱԳԼՃԿ-ներից, որպեսզի մյուսներն իրենք ընտրեն՝ որ ԱԳԼՃԿ-ից պետք է օգտվել, որ մեկից՝ ոչ: Կարճ ասած տեղի է ունենում օգտակար ինֆորմացիայի փոխանակում ու քննարկումներ, որն օգնում է վարորդներին առավել ճիշտ կողմնորոշվել ավտոգազի խճճված շուկայում։ Խմբի մասնակիցները հույս ունեն, որ այսպիսով կարող են ստիպել գազալցակայանների սեփականատերերին գործել ազնիվ մրցակցության կանոններով։









