2018թ. հունվարի 1-ից «Ակցիզային հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում աճել է դիզվառելիքի, բենզինի և ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի գինը։ Գազի 1000խմ-ի ակցիզը մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 8300 դրամ էր, իսկ ահա 2018 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25000 դրամ։ 1խմ դեպքում, ակցիզային հարկի՝ նախկին և ներկա դրույքաչափերի 16,7 դրամ տարբերությունն իրենց ուսերին կրում են ոչ թե տնտեսվարողները, այլ՝ սպառողները։
Առաջացած իրավիճակում
մեքենայություններից զերծ մնալու համար ստեղծվել է խումբ, որտեղ վարորդներն իրականացնում
են ԱԳԼՃԿ-ների մոնիտորինգ՝ հրապարակելով սպասարկման և գների վերաբերյալ տվյալները։
Սա հանրային վերահսկողության միասնական հարթակ է, որտեղ տվյալները համադրվում են
միասնական բազայում և համեմատվում: Արդյունքում՝ բազայից օգտվող վարորդները միանգամից
կարող են տեսնել ԱԳԼՃԿ-ների ծառայությունների որակը:
Առաջիկայում
պլանավորվում է ստեղծել գազալցակայանների միասնական տվյալների բազա, որտեղ
կներմուծվեն լիցքավորման պարամետրերը՝ գին, ճնշումը՝ լիցքավորման մեկնարկի ժամանակ
և ավարտին, խորանարդ մետր, ջերմաստիճան և այլն: Վերլուծությունը
ցույց է տալիս, որ անկախ նրանից, թե ինչ սակագնով է կատարվում լիցքավորումը, նույն
գազաբալոնի՝ տարբեր ԱԳԼՃԿ-ներում լիցքավորման արդյունքում գումարը հաճախ նույնն է
կազմում:
Սա նշանակում է, որ բոլոր
ԱԳԼՃԿ-ներում անհրաժեշտ վերահսկողությունը պետք է սահմանվի պետական մարմինների
կողմից՝ համապատասխան գործիքների կիրառմամբ:









